ԱՄՆ Սենատը հավանություն է տվել տեխնիկական ոլորտում Չինաստանին դիմակայելու համար 250 մլրդ դոլարի օրինագծին
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրինագծին, որի շրջանակում Չինաստանին տեխնիկական ոլորտում դիմակայելու համար երկրի բյուջեից 250 մլրդ դոլար կհատկացնի, հաղորդում է The Washington Post-ը։
Նախաձեռնությունը, որի շուրջ քվեարկությունը պետք է տեղի ունենար դեռ անցյալ ամիս, պաշտպանել են 68 սենատորներ, դեմ է արտահայտվել 32-ը:
Օրինագծի հեղինակները մտադիր են առաջավոր տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում աշխատանքի համար բյուջեից միջոցներ հատկացնել NASA-ին, առևտրի և էներգետիկայի նախարարություններին: Մասնավորապես, ինչպես նշվում է փաստաթղթում, 52 մլրդ դոլար կուղղվի երկրում կիսահաղորդիչների արտադրությանը՝ «չինական ընկերություններից և տեխնոլոգիաներից կախվածության դեմ պայքարելու համար»:
Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նախօրեին ողջունել է նախաձեռնությունը պաշտպանելու սենատորների որոշումը: Նրա խոսքով՝ օրինագիծը «կօգնի զարգացնել կարևոր ճյուղերը»:
«Այն թույլ կտա մեզ բացահայտել, ստեղծել և կատարելագործել վաղվա օրվա կարևորագույն տեխնոլոգիաները։ Մենք մրցակցում ենք 21-րդ դարում հաղթանակի համար, և մեկնարկն արդեն տրվել է։ Մինչ մյուս երկրները շարունակում են ներդրումներ կատարել իրենց հետազոտությունների և մշակումների մեջ, մենք չենք կարող ռիսկի դիմել և հետ մնալ»,- ասել է Բայդենը՝ հայտարարելով, որ օրինագիծը կստորագրի, եթե Ներկայացուցիչների պալատը հավանություն տա դրան: