Չինաստանում արգելոցից փախած փղերամը ավելի քան 1 միլիոն դոլարի վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին (լուսանկարներ)
Արգելոցից փախած 15 փղից բաղկացած փղերամը տրորել է բերքը և Չինաստանին ավելի քան մեկ միլիոն դոլարի վնաս է հասցրել: Ըստ «Սինհուա» պետական լրատվական գործակալության տվյալների՝ փղերը 500- կիլոմետրանոց ճանապարհորդություն են անցել Սիշուանգբաննայի արգելոցից հարավ-արևմտյան Յուննան նահանգով դեպի Յուքսի, որը 2,6 միլիոն բնակչություն ունեցող քաղաք է, փոխանցում է Daily Mail-ը։
Թե ինչու են կենդանիները լքել արգելոցը, դեռ պարզ չէ: Իրենց «թափառումների» ընթացքում փղերը վնաս են հացրել ավելի քան 400 տեղական ենթակառուցվածքների։ Միայն Յուանջյան և Շիփինգ նահանգներում նրանք ոչնչացրել են 56 հա գյուղատնտեսական հող: Կենդանիները լուրջ վնաս են հասցրել նաև տեղի բնակիչներին: Հենց այս պատճառով Էշան քաղաքի բնակիչներին կարգադրվել է մնալ տանը, իսկ հետիոտներն ու մեքենաները տարհանվել են այն բանից հետո, երբ փղերը վեց ժամ շարունակ շրջել են քաղաքի փողոցներում:
Իշխանությունները 24-ժամյա հրամանատարական կենտրոն են ստեղծել՝ փղերին հսկելու համար այն բանից հետո, երբ կենդանիներին նկատել են Խունտայի Յուքսի շրջանում: Խնդիրը լուծելու համար մոբիլիզացված է ավելի քան 360 մարդ, 76 ոստիկանական մեքենա, մի քանի բեռնատար և ինը անօդաչու թռչող սարք: Բացի այդ, մթերվել է 18 տոննա անասնակեր:
Փղերամը բաղկացած է վեց հասուն էգից, երեք հասուն արուից, երեք երիտասարդ փղից և երեք ձագից։ Ըստ վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ ասիական փղերը Ասիայի ամենամեծ ցամաքային կաթնասուններն են: