Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր
Նյու Յորքի քաղաքային օպերայի ղեկավարությունը հայտարարել է համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին ամերիկյան մեգապոլիսի օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքից:
Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝ նորացված տարբերակով «Ռիգոլետտո»-ն, կցուցադրվի այս ամռանը՝ օգոստոսի 29-ին:
«Մենք շատ ուրախ ենք Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքում ողջունել աշխարհահռչակ մաեստրո Կոստանդին Օրբելյանին: Մաեստրո Օրբելյանն իր հետ բերում է օպերայի ամենամեծ աստղերի հետ աշխատելու տասնամյակների միջազգային փորձը և ապագայում մեր ընկերությանը և հանդիսատեսին կառաջարկի բազմաթիվ համաշխարհային կարգի ներկայացումներ: Անկասկած, նրա հմտությունն ու փորձը կարևոր նշանակություն կունենան՝ օգնելով քաղաքային օպերային վերագտնել իր դիրքը ամերիկյան և միջազգային օպերային բեմերում»,-հայտարարել է օպերայի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասոն:
«Ուրախ եմ ստանձնել Նյու Յորքի օպերայի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Սա հիանալի հնարավորություն է՝ օգնելու այս պատմական, մշակութային նշանակություն ունեցող երաժշտական հաստատությանը՝ կյանքի վերադառնալ կորոնավիրուսով պայմանավորված դժվարին ժամանակաշրջանից հետո: Հավատարիմ Նյու Յորքի քաղաքային օպերայի ավանդույթներին՝ մենք ժամանակակից կոմպոզիտորներին կտրամադրենք հիանալի հարթակ՝ իրենց ստեղծագործությունները ներկայացնելու համար»,- հայտարարել է Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը: