«Մի՛ եկեք ԱՄՆ»․ Քամալա Հարիսը Գվատեմալա այցի ընթացքում երկրի բնակիչներին կոչ է արել «չլքել իրենց երկիրը»
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնը ստանձնելուց ի վեր մեկնել է իր առաջին արտասահմանյան ուղևորությանը, հաղորդում է New York Post-ը՝ նշելով, որ Գվատեմալա այցի ընթացքում նա դիմել է այդ երկրի բնակիչներին՝ կոչ անելով «չլքել իրենց երկիրը և չգնալ Միացյալ Նահանգներ»։
Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հարիսը հայտարարել է՝ Բայդենի վարչակազմը ցանկանում է «օգնել գվատեմալացիներին իրենց հույսը կապել միայն Գվատեմալայի հետ»։
«Ես ուզում եմ շիտակ խոսել այս տարածաշրջանի այն բնակիչների հետ, որոնք մտածում են Մեքսիկա-ԱՄՆ սահմանը հատելու վտանգավոր քայլի մասին։ Ուղերձս է՝ մի՛ եկեք, մի՛ եկեք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հարիսը, անդրադառնալով Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին ստեղծված ճգնաժամին, ասել է․ «Փոխնախագահի պաշտոնում առաջին այցս Գվատեմալայում է, ինչը վկայում է՝ սա մեր վարչակազմի ամենակարևոր առաջնահերթությունն է։ Ես այստեղ եմ, որպեսզի քննարկեմ՝ ինչպես կարելի է այս հարցում շոշափելի և իրական արդյունքների հասնել»։
Նշվում է, որ Ջամատեին ավելի վաղ տված հարցազրույցում Բայդենի վարչակազմին մեղադրել էր «ոչ հստակ հաղորդագրությունների համար»։
«Մենք խնդրել ենք Միացյալ Նահանգների կառավարությանը ավելի հստակ հաղորդագրություն հղել, որպեսզի կանխենք ավելի շատ մարդկանց արտագաղթը»,- CBS News-ին տված հարցազրույցում ասել է նա։
Նշենք, որ շաբաթներ առաջ Բայդենը ներգաղթյալներին կոչ էր արել ապօրինի մուտք չգործել ԱՄՆ, այդ թվում՝ Մեքսիկայի տարածքից:
Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ անօրինական ներգաղթյալների թվի աճը, մասնավորապես, նկատվել է 2019 և 2020 թվականներին: Բայդենը չէր համաձայնել այն պնդումների հետ, թե տեղի ունեցածն անօրինական ներգաղթյալների հանդեպ իր «չափազանց մեղմ մոտեցման հետևանքն է»: ԱՄՆ նախագահն իրենց երկրները լքել և ապօրինաբար ԱՄՆ-ի սահմանը հատել պատրաստվող ներգաղթյալներին կոչ էր արել «մնալ իրենց երկրներում»։