«Ամերիկյան շահերը պաշտպանելու կարևոր մաս». Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ Սպիտակ տանը պատմել են սպասելիքների մասին
Վաշինգտոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջիկա անձնական հանդիպումը գնահատում է ոչ թե որպես խրախուսանք, այլ որպես ամերիկյան շահերի պաշտպանություն: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես ուզում եմ կրկնել, որ մենք Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը գնահատում ենք ոչ թե որպես խրախուսանք, այլ որպես ամերիկյան շահերն ու արժեքները պաշտպանելու կարևոր մաս: Ջո Բայդենը հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ ոչ թե հակառակ մեր երկրների միջև եղած տարաձայնություններին, այլ շնորհիվ դրանց»,-ասել է Սալիվանը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով՝ «կան բազմաթիվ խնդիրներ, որոնք երկու երկրները պետք է մշակեն»: Նա նաև ընդգծել է, որ Բայդենի ու Պուտինի անմիջական խոսակցությունը «լավագույն միջոցն է հասկանալու, թե ինչ է մտադիր և նախատեսում անել Ռուսաստանը»:
«Երկու ղեկավարների շփմանը փոխարինող այլ բան չի կարող լինել, մանավանդ բարդ խնդիրների լուծման համատեքստում»,-ասել է Սալիվանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար կարևոր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ վերջինս ունի «շատ անհատականացված որոշում կայացնելու ոճ», և ԱՄՆ նախագահի համար կարևոր է Պուտինին ասել իր դիրքորոշման մասին և լսել նրա դիրքորոշումը, նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: