Բուսկետսի վարակվելուց հետո Իսպանիայի հավաքական է հրավիրվել 4 պահեստային խաղացող
Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ որոշել է Եվրո–2020–ի մեկնարկից առաջ թիմ հրավիրել եւս չորս ֆուտբոլիստի, հաղորդում է հավաքականի թվիթերյան էջը։ Պատճառը Սերխիո Բուսկետսի վարակումն է կորոնավիրուսով։
Ազգային թիմին կմիանան Ռոդրիգո Մորենոն («Լիդս»), Պաբլո Ֆորնալսը («Վեստ Հեմ»), Կառլոս Սոլերը («Վալենսիա») եւ Բրաիս Մենդեսը («Սելտա»)։ Նրանք կմարզվեն հավաքականի ընդհանուր խմբից առանձին, որպեսզի բացառվի կորոնավիրուսի հնարավոր տարածումը։
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն Եվրո–2020–ի համար հայտացուցակում 26–ի փոխարեն ընդգրկել էր 24 խաղացող։
Եվրո–2020–ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականը Е խմբում կմրցի Սլովակիայի, Շվեդիայի եւ Լեհաստանի հետ։ Առաջին հանդիպումն իսպանացիները կանցկացնեն հունիսի 14–ին Շվեդիայի թիմի հետ։