Պուտինը Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների հետագա իրականացման կարևորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության մարդասիրական խնդիրների լուծումը: Շառլ Միշելը աջակցություն է հայտնել իրականացվող աշխատանքներին, այդ թվում`ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։