Հնարավոր է՝ Ֆրանսիայի հավաքականում մնամ նաև 2022-ից հետո․ Դեշամ
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը չի բացառել, որ կշարունակի աշխատանքն ազգային թիմում նաեւ 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո։
«Ես ինձ շատ լավ եմ զգում հավաքականում, երջանիկ եմ եւ հիացած։ Հնարավոր է՝ Ֆրանսիայի հավաքականում մնամ նաեւ 2022-ից հետո, եթե ղեկավարությունը լինի համաձայն։ Ես այստեղ եւ դեռ կմնամ»,- Դեշամի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012թ․ հուլիսից։ 2016թ․ Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացիները նվաճեցին փոխչեմպիոնի, 2018թ․ աշխարհի առաջնությունում՝ չեմպիոնի տիտղոսը։
Դեշամի ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականն անցկացրել է 112 հանդիպում, տարել 74 հաղթանակ, կրել 18 պարտություն։ Դեշամի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ դեկտեմբեր։