ՌԴ-ում հայտնել են՝ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը կավարտվի տարեվերջին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կավարտվի 2021 թվականի վերջին, գրում է korrespondent.net-ը։
Ռուսաստանի իշխանությունները վստահ են, որ շինարարության ավարտից հետո գազատարը կսկսի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։
«Այն աշխատանքները, որոնք այսօր ընթանում են, կավարտվեն մինչև տարեվերջ, և նախագիծը կհանձնվի շահագործման», - ասել է Նովակը:
Հիշեցնենք՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարը մոտ 95 տոկոսով պատրաստ է: Ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել սեպտեմբերին:
Նշենք՝ «Հյուսիսային հոսք 2» ծրագրով նախատեսված էր Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խ.մ. ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ը, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան սեղմված (թերթաքարային-խմբ.) գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:
Ավելի վաղ Վաշինգտոնը մի քանի անգամ պատժամիջոցային սահմանափակումներ է կիրառել շինարարությանը ներգրավված ընկերությունների նկատմամբ, ինչի պատճառով նրանցից շատերը դուրս են եկել նախագծից, և գործընթացը դադարեցվել է: