Նյու Յորքում 125 մարդ տեղափոխող լաստանավը բախվել է ափին (լուսանկարներ)
Նյու Յորքում 125 մարդ տեղափոխող լաստանավը բախվել է գետափին։ Այս մասին հայտնում է NBC-ի նյույորքյան ծառայությունը, նշելով՝ լաստանավի ուղևորներն ու անձնակազմը փրկվել են։
Քաղաքի հրշեջ ծառայությունից մանրամասնել են, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Նյու Յորքի Բրուքլին թաղամասի ափերից մեկի մոտ: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են հրշեջներ, ոստիկաններ, ինչպես նաև ԱՄՆ առափնյա պահակախմբի աշխատակիցներ։
«Ժամը 16:15-ին Seastrek լաստանավը, որում 125 մարդ է եղել (118 ուղևոր և անձնակազմի 7 անդամ), բախվել է ափին: Մեր ստորաբաժանումները դեպքի վայր են ժամանել չորս րոպեից էլ պակաս ժամանակում»,- մանրամասնել է հրշեջ ծառայության պետի տեղակալի օգնականը Մայքլ Գալան։
Նա հավելել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, բացառությամբ լաստանավի անձնակազմի մեկ անդամի, որն ստացել է կյանքին չսպառնացող վնասվածքներ ու հոսպիտալացվել է: