Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը «հանգիստ» է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին, ըստ նախարարության, «հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սահմանին իրավիճակը հանգիստ է, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-գործակալության հարցին պատասխանել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյախլըն` ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները «սադրանք» որակելով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի իրավունքից, անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ ադրբեջանցի զինվորների կողմից կրակ բացելու և տասնյակ խոշոր եղջերավոր անասունների գողության միջադեպին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2021թ. հունիսի 5-ին ահազանգ է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են արձակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ, երբ նա գյուղի արոտավայրում արածեցրել է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: