Cargo Dragon բեռնատար տիեզերանավը բարեհաջող միացել է Միջազգային տիեզերակայանին
Ամերիկյան SpaceX ընկերության Cargo Dragon բեռնատար տիեզերանավը շաբաթ հաջողությամբ միացել է Միջազգային տիեզերակայանին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությանը:
ՆԱՍԱ-ից հայտնել են, որ ՄՏԿ-ի ամերիկյան հատվածի Harmony մոդուլին տիեզերանավը միացել է տեղի ժամանակով 05:08-ին (երևանյան՝ 13:09-ին): Տիեզերանավը 3.3 տոննա ուղեբեռ է հասցրել Միջազգային տիեզերակայան, այդ թվում՝ սննդամթերք, սարքավորումներ և տասնյակ գիտական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ նյութեր:
Այն նաև երկու նոր արևային վահանակ է տեղափոխել տիեզերակայան, որոնք տեղադրումից հետո ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն կապահովեն:
Հիշեցնենք, որ տիեզերանավը տեղափոխող Falcon 9 հրթիռակրի արձակումը տեղի է ունեցել հինգշաբթի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի կայանից:
Նշվում է, որ սա SpaceX-ի բեռնատար տիեզերանավի 22-րդ թռիչքն է դեպի ՄՏԿ և տիեզերանավի կատարելագործված տարբերակի երկրորդ առաքելությունը: Կատարելագործված տարբեակն ունակ է ՄՏԿ հասցնել 20 տոկոսով ավելի շատ բեռ, ինչպես նաև կարող է ինքնուրույն միանալ կայանին:
Contact and capture are confirmed at 5:09am ET. @SpaceX's cargo Dragon has arrived at the @Space_Station, delivering over 7,300 pounds of @ISS_Research, equipment, supplies, and new roll-out solar arrays for the orbiting lab. pic.twitter.com/N9xPNC4Axq
— NASA (@NASA) June 5, 2021