«ԱՄՆ-ն գնում է ԽՍՀՄ ճանապարհով»․ Պուտին
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այլ պետությունների հետ հարաբերություններ կառուցելիս ԱՄՆ-ն գնում է ԽՍՀՄ-ի ճանապարհով, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ո՞րն է կայսրությունների խնդիրը: Նրանց թվում է, որ նրանք այնքան հզոր են, որ կարող են իրենց փոքր ձախողումներ և սխալներ թույլ տալ. մենք կգնենք նրանց, կվախեցնենք մյուսներին, համաձայնության կգանք այն մյուսների հետ», - ասել է Պուտինը և հավելել, որ նման դեպքերում խնդիրների քանակն ավելանում է և «այլևս հնարավոր չի լինում հաղթահարել դրանք»։
«Եվ Միացյալ Նահանգները վստահ և հաստատուն քայլերով գնում է հենց Խորհրդային Միության ճանապարհով», - հավելել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է զսպել ՌԴ-ի զարգացումը և այդ մասին խոսում է հրապարակայնորեն, ինչով էլ հենց, ըստ ՌԴ նախագահի, պայմանավորված են երկու պետությունների միջև հարաբերություններում դժվարությունները։