Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձ իրականացրած ամերիկացին սկսել է սիրային երգեր հեղինակել (լուսանկարներ, տեսանյութ)
1981 թվականին ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ մահափորձ իրականացրած Ջոն Հինքլին նոր զբաղմունք է գտել՝ կիթառի նվագակցությամբ սիրային երգեր է երգում։
Վերջերս օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հինքլիի յութուբյան էջը, որտեղ վերջինս սիրո թեմայով մի շարք հեղինակային երգեր է ներբեռնել։ Ընդ որում, նա ունի 4150 հետևորդ և հազարավոր դիտումներ։
Ինչպես գրում է Mirror-ը, 66-ամյա Հինքլին «երաժշտության ասպարեզում իր ուժերը փորձել է նաև երիտասարդ տարիներին»։
Նշենք, որ Հինքլին 1981-ին «Տաքսու վարորդ» ֆիլմը դիտելուց հետո սկսել էր հետապնդել դերասանուհի Ջոդի Ֆոսթերին, իսկ ավելի ուշ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ մահափորձ էր իրականացրել՝ այդպիսով փորձելով գրավել դերասանուհու ուշադրությունը։
Մահափորձի ժամանակ նա վիրավորել էր ԱՄՆ նախագահին, Ռեյգանի մամուլի քարտուղարին և երկու ոստիկանի: Դատարանը նրան անմեղսունակ էր ճանաչել, նա տեղափոխվել էր Վաշինգտոնում գտնվող հոգեբուժական կլինիկա, որտեղից ազատ էր արձակվել 2016-ին։