Հերոս առնետը. Կամբոջայում տասնյակ ականներ հայտնաբերած կրծողն ավարտում է սակրավորի աշխատանքն ու «անցնում թոշակի» (լուսանկարներ)
Հերոսության համար ոսկե մեդալ ստացած Մագաուա անունով առնետն ավարտում է սակրավորի կարիերան և անցնում թոշակի, հայտնում է BBC լրատվականի ռուսական ծառայությունը և հավելում, որ հինգ տարվա կարիերայի ընթացքում կրծողը Կամբոջայում հայտնաբերել է 71 ական և տասնյակ չպայթած արկեր:
Տարիներ տևած պատերազմից հետո Կամբոջայում դեռևս 6 միլիոն չպայթած ական կա, որոնք մարդու քայլի դեպքում կարող են պայթել։ Մագաուա առնետը մեկ տարվա դասընթաց է անցել Տանզանիայում, որտեղ բելգիական Apopo բարեգործական ընկերությունը 1990-ականներից այս կրծողներին սովորեցնում է ականներ գտնել հողում։ Ծրագրի մասնակիցներն անվանվում են «Հերոս առնետ» (HeroRAT)։ Երբ առնետը պայթուցիկ նյութ է հայտնաբերում, նա սկսում է թաթով քերծել գետինը՝ թիմի կազմում իր հետ աշխատող մարդկանց զգուշացնելու նպատակով: Քանի որ առնետները շատ թեթև են նրանք կարողանում են ականների վրա կանգնել՝ առանց դրանք պայթեցնելու։
Անցյալ տարվա սեպտեմբերին Մագաուա անունով առնետը PDSA բարեգործական կազմակերպության կողմից արժանացել է ոսկե մեդալի։
Մագաուայի երկարությունը 70 սանտիմետր է, իսկ քաշը` 1,2 կիլոգրամ․ նա 7 տարեկան է։ Առնետը կարողանում է 20 րոպեում թենիսի դաշտի չափ տարածք ուսումնասիրել, ինչը նույն ոլորտի աշխատակից մարդն անում է 1-4 օրում։ Այժմ Կամբոջայի ականազերծման կենտրոնում առնետների նոր խումբ կա, սակայն Մագաուան, մինչև «թոշակի անցնելը», դեռևս մի քանի շաբաթ կմնա իր պաշտոնում՝ «նորակոչիկներին դաստիարակելու» նպատակով:
Ըստ բրիտանական HALO Trust կազմակերպության, Կամբոջայում 1979 թվականից ի վեր, ականների պայթյունների հետաևնքով գրանցվել է մահվան 64 հազար և հաշմանդամության 25 հազար դեպք: