Մարդիկ սկսել են հավատալ, որ ամեն բան կախված է իրենց քվեից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սպասվող արտահերթ ընտրություններին ընդառաջ իրականացվող սոցհարցումներն ու հասարակության տրամադրությունների չափումները մեկ բան հստակորեն ցույց են տալիս. 1991թ.-ից հետո առաջին անգամն է, որ մարդկանց մոտ վստահություն կա առ այն, որ ընտրության ելքը կախված է հենց իրենցից, չկա ընտրությունները կեղծելու ռիսկ ու վտանգ, համենայնդեպս իրականացված ուսումնասիրությունները նման մտավախություն կամ կասկած չեն արձանագրել ո՛չ մարզերում, ո՛չ էլ Երեւանում:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոններից մեկի մեր աղբյուրը պնդեց, որ նման իրավիճակ, ըստ էության, արձանագրվել է առաջին անգամ, քանզի թե՛ 91-ին, թե՛ 2018թթ.-ին քվեարկության արդյուքնները կասկածի տակ դնող չի եղել, սակայն գործել է ուժեղ էյֆորիկ ֆոն: Առաջին դեպքում անկախություն ձեռքբերումն էր, երկրորդ դեպքում` 2018թ.-ի հեղափոխությանը հետեւած հասարակական էյֆորիան էր:
Հիմա մարդիկ սթափ են ու ամենակարեւորը` հավատում են, որ ամեն բան կախված է հենց իրենցից: Այսօր հասարակական լայն շերտերի մոտ արդեն արթնացել է այն բարձր քաղաքացիական գիտակցությունը, որ հենց իրենք են որոշողը, թե ով կղեկավարի երկիրը, ու ինչպիսի ապագա կունենա այն։
Շատ է խոսվել, որ, 1996թ.-ից ու 2000 ականներից սկսված համակարգային բնույթ ստացած ընտրակեղծարարությունները, զեղծարարություններն ու գումար բաժանելու արատավոր պրակտիկան մարդկանց մոտ ստեղծել էին համոզմունք, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն բան որոշված է եւ այլն:
Այսպիսով, մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել՝ հասկանալու համար, թե իրականում ում ձայն կտա հասարակությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: