«Ես ինձ իսկական ձախողակ եմ զգում․ սա իմ երրորդ ամուսնությունն է»․ Քիմ Քարդաշյանը հայտնել է Քանյե Ուեսթի հետ տարաձայնության պատճառը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Keeping Up With the Kardashians իրապատում շոուի վերջին եթերաշրջանի դրվագներից մեկում պատմել է այդ պահին ամուսնու՝ ամերիկացի դիզայներ, ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ տարաձայնությունների մասին, հաղորդում է CNN-ը։
Դրվագում նրա կրտսեր քույրը՝ 36-ամյա Քլոյե Քարդաշյանը հայտնում է, որ քույրը «ամուսնու հետ անհաշտության ֆոնին շատ ծանր օրեր է ապրում»։
Քիմ Քարդաշյանն, իր հերթին, քույրերի հետ զրույցում նշել է, որ ռեփ կատարողի «կողքին պետք է լինի մեկը, ոը պատրաստ է նրա հետ մի նահանգից մյուսը տեղափոխվել»։
«Անկեղծ ասած, այլևս չեմ կարողանում այսպես։ Այս ամենը չի կարող երկար շարունակվել։ Նա ամեն տարի մի նահանգ է որոշում տեղափոխվել ու ես նրա հետ պետք է լինեմ, որպեսզի միասին մեծացնենք մեր երեխաներին»,- արցունքները զսպելով ասել է հեռուստաաստղը։
Քարդաշյանը նաև խոստովանել է՝ իրեն «իսկական ձախողակ է զգում»։
«Ես ինձ իսկական ձախողակ եմ զգում․ սա իմ երրորդ ամուսնությունն է»,- ասել է նա։
Նշենք, որ հեռուստաաստղը ամուսնալուծության հայց էր ներկայացրել փետրվարին․ նա ամուսնացած է եղել նաև երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ։