«Խաթարում են ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների անվտանգությունը». Բայդենը 59 չինական ընկերության, այդ թվում Huawei-ին, «սև ցուցակում» է ներառել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել 59 չինական ընկերության՝ «սև ցուցակում» ներառելու առնչությամբ: Այդ ընկերությունների թվում է աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններից մեկը՝ Huawei-ը:
Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի օգոստոսի 2-ին, ասվում է Սպիտակ տան կայքում:
«Այս հրամանը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին արգելել ներդրումները չինական ընկերություններում, որոնք խաթարում են ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների անվտանգությունը կամ ժողովրդավարական արժեքները», - ասվում է փաստաթղթում:
Ընդհանուր առմամբ, ցուցակում է հայտնվել 59 չինական ընկերություն: Դրանց թվում է Huawei Technologies Co.-ն, ավիացիոն տեխնիկայի արտադրությամբ զբաղվող Aviation Industry Corporation of China-ն, China Mobile Communications Group Co, China Telecommunications Corporation, China United Network Communications Group Co հեռահաղորդակցային ընկերությունները, ինչպես նաև China Railway Construction Corporation շինարարական ընկերությունը: