«Չգիտեմ՝ արդյո՞ք ես և Թրամփը Կապիտոլիումի վրա ամբոխի հարձակման հարցում երբևէ համակարծիք կլինենք». Մայք Փենս
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ վստահ չէ, որ ինքը և երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երբևէ համակարծիք կլինեն այն հարցում, ինչ տեղի է ունեցել հունվարի 6-ին, երբ Թրամփի կողմնակիցների ամբոխը ներխուժել էր Կապիտոլիում`փորձելով խափանել նախագահական ընտրությունների արդյունքների վավերացման գործընթացը, գրում է msn.com-ը:
«Հունվարի 6-ը մութ օր էր Միացյալ Նահանգների Կապիտոլիումի պատմության մեջ: Բայց Կապիտոլիումի ոստիկանության և դաշնային իրավապահ մարմինների արագ գործողությունների շնորհիվ բռնությունը ճնշվել է: Կապիտոլիումը պաշտպանվել էր»,- ասել է Փենսը:
Բացի այդ, նախկին պաշտոնյան հավելել է՝ նույն օրն իրենք Կոնգրեսի նիստ են գումարել և կատարել են իրենց պարտականությունը՝ Միացյալ Նահանգների սահմանադրության և օրենքների համաձայն:
«Գիտեք, նախագահ Թրամփը և ես բազմիցս խոսել ենք պաշտոնաթող լինելուց ի վեր: Եվ ես չգիտեմ, թե արդյոք մենք այդ օրվա առնչությամբ երբևէ համակարծիք կլինենք»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում կայացած ցույցից հետո գրոհել էին Կապիտոլիումը, որի պատճառով մի քանի ժամ շարունակ ընդհատվել էր Կոնգրեսի աշխատանքը: Անկարգությունների հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան:
Իրավապահ մարմինները խռովարարներին հեռացրել էին Կոնգրեսի շենքից, որից հետո կոնգրեսականները հաստատել էին դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի էր ենթարկել Թրամփին՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքով, բայց Սենատը արդարացրել էր նախկին պաշտոնյային: