26 մեծ ու փոքր, հայտնի ու անհայտ քաղաքական ուժ որոշել է մասնակցել ընտրություններին. Բոլորը հասկացել են, որ իշխանությունը «փողոցում ընկած» է, հարկավոր է ընդամենը կռանալ ու վերցնել այն. «Հրապարակ»
«26 մեծ ու փոքր, հայտնի ու անհայտ, կայացած և ոչ այնքան, քաղաքական ուժ որոշել է մասնակցել ընտրություններին։ Բոլորը հասկացել են, որ իշխանությունը «փողոցում ընկած» է, և հարկավոր է ընդամենը կռանալ ու վերցնել այն։ Նրանց մեջ անչափ շատ են պատահական սկզբունքով իրար գլխի հավաքված մարդիկ, որոնք ոչ մի կամ գրեթե ոչ մի գաղափարական ընդհանրություն չունեն, բացի իշխանություն վերցնելու ցանկությունը:
Ցուցակներում հայտնվածներից ոմանք համատեղ անցած ճանապարհ չունեն, շատերը միմյանց անգամ չգիտեն, կարող է փողոցում հանդիպեն՝ միմյանց չճանաչեն։ Բայց հանուն արդարության նշենք, որ 80 անձից կազմված ցուցակ գրելը, ապա այդքան փաստաթղթեր ԿԸՀ ներկայացնելը բավականին բարդ բան է։ Ոմանք նախապես հայտարարել էին մասնակցելու ցանկության մասին, բայց այդքան մարդ չկարողացան հավաքագրել և ժամանակին թղթերը ներկայացնել ԿԸՀ, ուստի դուրս մնացին մրցապայքարից՝ դեռ ընտրարշավը չսկսված։ Բայց ուշագրավ է, որ այս կորած-մոլորած, անհայտ ու անանուն խմբավորումները՝ թվով 26 միավոր, մի մարդու նման կարողացել են մուծել նախատեսված ընտրագրավը՝ 10 միլիոն դրամը, որը Հայաստանի ներկա պայմաններում փոքր թիվ չէ։ Անշուշտ, սա այլ՝ լուրջ ուսումնասիրության նյութ է, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում այդ գումարը փոխանցվելու է պետբյուջե՝ հետ չի վերադարձվելու։
Միայն այս հանգամանքը բավական է՝ հասկանալու համար, որ այս պարագայում ոչ միայն դեր է խաղացել «փողոցում ընկած» իշխանությանը տեր դառնալու ցանկությունը, այլև ինչ-որ մարդկանց կամ ուժերի շատ անհրաժեշտ է եղել, որ հնարավորինս շատ ուժեր մասնակցեն ընտրություններին։ Թեև ակնհայտ է, որ միայն 4-5 ուժ է մտնելու խորհրդարան, մյուսները փոշիացնելու են ընտրողի քվեները»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։