Ի՞նչ պաշտոններ են խոստացել ՔՊ-ի ցուցակից դուրս մնացածներին. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայիս պատգամավորները, ովքեր դուրս են մնացել ՔՊ նախընտրական ցուցակից, աշխատանքի փնտրտուքների մեջ են:
Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանին իշխանական թևը խոստացել է վերադարձնել իրավապահ համակարգ՝ Քննչական կոմիտե, կամ, եթե անգամ դա չլինի, կնշանակեն Արարատի փոխմարզպետ: Իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ կգնա ու իր փաստաբանական աշխատանքը կշարունակի։ Դերասան Արթուր Մանուկյանն էլ հասկացել է, որ խորհրդարանն իրենը չի, ու վերադառնում է թատրոն՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ պատգամավոր Սիփան Փաշինյանն էլ ինքնակամ է հրաժարվել խորհրդարան գալուց, զբաղվելու է գյուղատնտեսական, շինարարական աշխատանքներով: Մեկ այլ պատգամավոր Հովհաննես Իգիթյանին էլ իշխանությունը ցանկություն չի ունեցել խորհրդարան բերել, ինչի համար էլ վերջինս միջազգային կառույցներում է փորձելու աշխատանք գտնել և վերադառնալ Եվրոպա։
Հովհաննես Հովհաննիսյանն էլ երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, թե վերադառնում է կրթական համակարգ, թե որտեղ, դեռ պարզ չէ։ Սոս Ավետիսյանի, Համազասպ Դանիելյանի, Գոռ Երանյանի ճակատագրերը դեռևս անհայտ է։ Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Տաթևիկ Հայրապետյանն ինքնակամ հրաժարվել են ՔՊ-ի ցուցակում լինելուց ու նրանց հետ որևէ կապ ունենալուց:
Ինչով կզբաղվեն՝ դեռ իրենք էլ չգիտեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։