Ռաֆայել Մարդոյանի՝ «Քյավառցի Ռաֆոյի» թիկնապահի սպանության կասկածյալին փնտրում են Արագածոտնում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Նախօրեին Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով, ինչպես հայտնի է, սպանվել է «Քյավառցի Ռաֆո» անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն: Հանցագործի թիրախը, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել կինո «Մոսկվայի» դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ սպանության մեջ կասկածվողին իրավապահները փնտրում են Արագածոտնի մարզի քաղաքներից մեկում: Մասնավորապես, ըստ նույն լուրերի, կասկածվողը ռուսալեզու մի երիտասարդ է, ով մտել է տվյալ քաղաքի խանութները, առևտուր արել՝ սիգարետ գնել, ինչը ֆիքսել են տեսախցիկները: Ապա գլխարկը դրել գլխին և անհետացել տեսախցիկների տեսադաշտից:
Նույն տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները երեկվանից այդ քաղաքում են և մանրամասն տարբեր վայրերում զննություններ են կատարում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։