200 հազար պաղեստինցի առողջապահական օգնության կարիք ունի. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է Գազայի հատվածում «առողջապահական ոլորտում մասշտաբային կարիքների» մասին՝ նշելով, որ հակամարտությունը հանգեցրել է բնակչության տեղահանմանը և խորացրել հումանիտար ճգնաժամը, հաղորդում է Al Jazeera լրատվականը։
ԱՀԿ-ն նշել է, որ ավելի քան 77 հազար մարդ տեղահանվել է և շուրջ 30 առողջապահական հաստատություն՝ վնասվել, իսկ գրեթե 200 հազար մարդ առողջապահական օգնության կարիք ունի։ ԱՀԿ ներկայացուցիչ Ռիկ Փիփերքորնը կոչ է արել անհրաժեշտության դպքում առաջին անհրաժեշտության պարագաներ և անձնակազմ ուղարկել Գազա։
Միևնույն ժամանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարը դիմել է ավելի քան 16 միլիոն դոլարի համար՝ օգնելու Գազայի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարի ռեժիմը հաստատվել է մայիսի 21-ին, որին հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 254-ի, որոնցից 66-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, որոնցից 9-ը իսրայելցի և 3-ը օտարերկրացի, իսկ 2-ը երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 350 է։