Ջո Բայդենն Իցհակ Հերցոգին շնորհավորել է Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Իցհակ Հերցոգին շնորհավորել է Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ: Միացյալ Նահանգների ղեկավարի հայտարարությունը հունիսի 2-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես համոզված եմ, որ նրա նախագահության ժամանակ Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև գործընկերությունը կշարունակի զարգանալ և խորանալ»,- ասել է Բայդենը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռեուվեն Ռիվլինին և նշել, որ ուրախ կլինի Վաշինգտոնում հանդիպելու նրա հետ առաջիկա շաբաթներին:
Հերցոգը նախագահի պաշտոնում Ռիվլինին կփոխարինի հուլիսի առաջին տասնօրյակի վերջում: Իսրայելում սահմանված է նախագահական լիազորությունների կատարման յոթնամյա ժամկետ, պետության ղեկավարի պաշտոնը չի կարելի զբաղեցնել երկու անգամ: Իսրայելի Հրեական գործակալության՝ «Սոհնուտ»-ի ղեկավար Իցհակ Հերցոգը հունիսի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) պատգամավորների գաղտնի քվեարկության առաջին փուլում ընտրվել Է հրեական պետության 11-րդ նախագահ: