Թրամփը Բայդենին մեղադրել է Մեքսիկայի հետ սահմանին ստեղծված «ճգնաժամի» համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին գրավոր հայտարարություն է տարածել, որում քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենին՝ իր «Մնա՛ Մեքսիկայում» (Remain in Mexico) քաղաքականությունը «տապալելու և ԱՄՆ-ն կործանելու համար»։
Ինչպես նշում է New York Post-ը, Թրամփը, մասնավորապես, նշել է՝ «Բայդենը պաշտոնը ստանձնել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ուներ պատմության մեջ ամենաանվտանգ սահմանը, սակայն մի քանի ամիսների ընթացքում նա սահմանային իրադրությունը հասցրել է աղետալի վիճակի»։
«Մեր երկիրը մեր աչքի առաջ կործանվում է։ Բայդենի վարչակազմի՝ «Մնա՛ Մեքսիկայում» քաղաքականության պաշտոնական դադարեցման մասին աղետալի որոշումը ապացուցում է, որ նրանց նպատակն ԱՄՆ-ն ամբողջությամբ կործանելն ու ԱՄՆ-ի սահմանը և երկիրն անօրինական ներգաղթյալներով լցնելն է»,- գրել է նախկին նախագահը։
Թրամփի վստահմամբ՝ «Ջո Բայդենն ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահն է, որը դեմ է ԱՄՆ-ի՝ որպես ազգ գոյությանը»։
Նշենք, որ Բայդենի վարչակազմը երեքշաբթի պաշտոնապես դադարեցրել է «Մնա՛ Մեքսիկայում» քաղաքականությունը, որով ապաստան հայցողների հարցով դատական ընթացակարգերը մի շարք փոփոխությունների էին ենթարկվել։