Վիեննայում ընթացող Իրանի միջուկային բանակցությունների հարցում Իսրայելը մեկուսացված է. Tehran Times-ի անդրադարձը
Իսրայելական «Մոսադ»-ի (Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչություն) նոր ղեկավար Դեյվիդ Բարնեան ասել է, որ Իրանի և աշխարհի խոշոր տերությունների միջև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունների հարցում Իսրայելը մեկուսացված է, սակայն շարունակելու է հակազդել Իրանի միջուկային աշխատանքներին, հայտնում է Tehran Times-ը։
«Համաշխարհային տերությունների հետ ձևավորվող համաձայնագիրը միայն ամրապնդում է մեկուսացման այն զգացումը, որը մենք ունենք այս հարցում։ Մենք մտադիր չենք մեծամասնության կարծիքի համեմատ գործել, քանի որ այս սպառնալիքի սխալ գնահատման հետևանքները մեծամասնությունը չի կրելու», - ասել է Բարնեան։
«Մոսադի» նոր ղեկավարը սպառնացել է՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը շարունակելու է զգալ «Մոսադի» հզորությունը:
Բենյամին Նեթանյահուն ևս մեկ անգամ ասել է, որ Իրանը ոչ խաղաղ միջուկային ծրագիր ունի՝ այն որակելով որպես Իսրայելի դեմ ուղղված «ամենամեծ սպառնալիք»:
Tehran Times-ը նշում է, որ իսրայելցիները կարող են պարծենալ Իրանի դեմ իրենց ենթադրյալ հաջողություններով, սակայն ոչ մի պարծենկոտություն չի փոխի իրականությունը, որը փաստում է միջուկային ոլորտում Իրանի առաջընթացի մասին: Անդրադարձում ասվում է, որ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու 2 տարբերակ կա՝ իրականացնել գաղտնի հետախուզական դիվերսիա կամ բացահայտ ռազմական հարված հասցնել։ Սակայն այս 2 տարբերակներն էլ չեն գործելու, նշվում է թերթի անդրադարձում։ Առաջին տարբերակն անօգուտ է, քանի որ Իրանը Իրաք կամ Սիրիա չէ, իսկ 2-րդ տարբերակը բազմիցս կիրառվել է Իսրայելի կողմից՝ ամեն անգամ Իրանի իշխանություններին դրդելով ավելի հզորացնել միջուկային անվտանգությունը։