Ադրբեջանը հերքել է Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների դիակների առկայության մասին տեղեկությունը
Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չկան: Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ, գրում է minval.az կայքը:
«Հունիսի 2-ին հայկական մամուլում հայտնվել էին կեղծ պնդումներ այն մասին, որ Հայաստանի դիահերձարաններում որոշ մարմիններ կարող են պատկանել ադրբեջանցի զինծառայողներին: Այս կապակցությամբ մենք հայտարարում ենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության ենթակայության դիահերձարանների անհայտ մարմինների թվում չկան այնպիսինները, որոնք պատկանում են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չէր բացառել, որ դիահերձարաններում ոչ պատշաճ պայմաններում պահվող դիակների մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների մարմիններ: