Արցախի նախագահն իրեն փոխարինող է գտել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրեն որոշել է ապահովագրել, և չէինք բացառել, որ ռևերանսներ աներ՝ ուղղված հայաստանյան ընդդիմադիր դաշտին ու պետնախարարի պաշտոնում նշանակեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ Կարեն Սարգսյանին, ով այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Վերջինս Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին է։ Չնայած Հարությունյանը չգնաց այդ քայլին և իր սանիկին՝ Արտակ Բեգլարյանին դարձրեց պետնախարար, սակայն արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Սարգսյանի հետ կապված պլաններն ուժի մեջ են։ Հարությունյանը հենց նրան է տեսնում որպես իրեն փոխարինողի և այդ ուղղությամբ տարբեր քննարկումներ է արդեն ունեցել։
ԱՀ նախագահը կասկածներ ունի, որ հունիսի 20-ի ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն կլինի, եթե կանխատեսումներն իրականանան, ապա ինքը կհեռանա, բայց «փոխարինող» կընտրի այնպիսի մարդու՝ ի դեմս Սարգսյանի, ով ընդունելի կլինի այսօրվա ՀՀ ընդդիմության համար, մյուս կողմից՝ Հարությունյանի ու իր թիմի նկատմամբ էլ վենդետա չի իրականացնի»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։