Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի երկու թաղամասերի բնակիչների և շտաբերի ներկայացուցիչների հետ. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հունիսի 2-ին Երևանում հանդիպել են մայրաքաղաքի Մլաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ։
«Եթե մի գործ անում ես հավատալով, դրա մեջ էմոցիա դնելով, միշտ արդյունքն ուրիշ է լինում։ Իսկ եթե կասկածանքով ես անում, ինքդ քեզ հետ անկեղծ չես լինում, այս վիճակում ինչ-որ մի բան կիսատ-պռատ ես թողնում, ուրեմն դու լավ արդյունք չես ունենալու»,- դիմելով ներկաներին՝ ասել է Ռոբերտ Քոչարյանը։
«Մտնո՞ւմ ենք բեռի տակ, ուրեմն մտնենք մինչև վերջ։ Իմ կյանքի կրեդոն սա է եղել, և այդպես պետք է շարունակեմ», - ընդգծել է նախագահը։
Վահե Հակոբյանն իր հերթին նշել է, որ «Հայաստան» դաշինքի վարկանիշը ստաբիլ աճում է։ Ու սա պատահական չէ։ «Այս ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 26 քաղաքական ուժ։ Բայց մենք տարբերվում ենք մեր բովանդակությամբ, մենք ունենք ուժեղ թիմ և հստակ դիրքորոշում։ Բայց այս ամենը չի նշանակում, որ մենք հիմա պետք է հանգիստ նստենք, որովհետև մեր սահմանած նշաձողին հասնելու համար դեռ բավական աշխատանք կա կատարելու», - նշել է Վահե Հակոբյանը։