Խոշոր ավտովթար Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ն ու Opel Astra-ն. 4 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները
Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ է գործել նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հրաչյա Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքյի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմուքի տեսուչ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի