Վերսալյան պալատում առաջին անգամ հյուրանոց է բացվել․ մեկ գիշերվա արժեքը սկսվում է 1700 եվրոյից (լուսանկարներ)
Ֆրանսիայի Վերսալյան պալատի տարածքում առաջին անգամ հյուրանոց է բացվել, որը վստահաբար դառնալու է աշխարհի ամենապահանջված կեցավայրերից մեկը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Փարիզյան այս հյուրանոցում, որը կոչվում է Le Grand Controle, մեկ գիշերվա արժեքը սկսվում է 1700 եվրոյից, որը ներառում է նաև շրջայցեր գլխավոր պալատում։
Հյուրանոցը տեղակայված է Վերսալյան պալատի այն շենքում, որը 1681 թվականին կառուցել է Լյուդովիկոս 14-րդ արքայի սիրելի ճարտարապետ Ժյուլ Արդուեն Մանսարը։
1857 թվականին շենքն անցել է բանակի վերահսկողությանը, մինչև որ 2004 թվականին այն շահագործումից հանվել է։ 2016 թվականին Վերսալի պալատային հաստատությունը այստեղ հյուրանոց ստեղծելու արտոնագիր է տվել Airless խմբին, որը ղեկավարում է Եվրոպայի լավագույն հյուրանոցները։ Խումբն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ շինությունն ամբողջությամբ վերականգնվել է ճարտարապետ և դիզայներ Քրիստոֆ Տոլլեմերի կողմից։ Հյուրանոցն ունի 14 սենյակ, որոնք անվանակոչվել են հայտնիների անուններով։ Հյուրանոցում ընթրիքները, որոնց ընթացքում մատուցվելու է 5 տեսակի ուտեսետ, հիշեցնելու են արքայական խնջույքներ, որի սկիզբն ազդարարող զանգը հնչելու է երեկոյան 20։30-ին։ Հյուրանոցը կահավորվել է հիմնականում շենքի գույքով և համալրվել 17-ից 18-րդ դարերի արվեստի գործերով։
Ամեն առավոտ հյուրերը կարող են ժամանակ անցկացնել Լյուդովիկոս 14-րդի և Մարի Անտուանետի առանձնավայրերում, իսկ երեկոյան, այցելուների գնալուց հետո, զբոսնել թագավորի և թագուհու բնակարաններում։