Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն «աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսի համաճարակից»
Ռուսաստանն աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսի համավարակից, բայց դրա հետ կապված վտանգներն ու մտահոգությունները դեռ պահպանվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Այսօր մենք հեռակա ենք շփվում: Ցավոք, համաճարակի հետ կապված վտանգները դեռևս պահպանվում են: Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս այս իրավիճակից, բայց, այդուհանդերձ, այդ առումով կան բավականաչափ վտանգներ և մտահոգություններ: Ավելին, ձեր նման բազմանդամ ընտանիքների համար ամբողջ երկրով մեկ ճանապարհորդությունը, նույնիսկ հանուն նման հանդիսավոր իրադարձության՝ չարդարացված ռիսկ է»,- ասել է Պուտինը ծնողական փառքի շքանշանով պարգևատրված ընտանիքների հետ հանդիպմանը:
Շնորհավորելով ընտանիքներին տոնի (Երեխաների պաշտպանության միջազգային օրվա) և պարգևների առթիվ՝ Պուտինն ասել է. «Հոգ տարեք ձեր, ձեր երեխաների, ձեր սիրելիների մասին»: