«Կարծում եմ՝ այդ պահը դիպել է բոլորիս սրտերին»․ Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է «Ընկերները» սերիալի նկարահանման հրապարակ վերադարձի և իր զգացողությունների մասին (լուսանկարներ, տեսանյութեր)
Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հայտնել է, որ «Ընկերները» սերիալի նկարահանման հրապարակ վերադառնալը «դիպել է իր սրտին», հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հիշեցնելով, որ 52-ամյա դերասանուհին նկարահանվել է 17 տարվա վաղեմություն ունեցող հեռուստասերիալի դերասանական կազմով HBO Max-ի նոր ֆիլմում։
«Կարծում եմ՝ դա դիպել է բոլորիս սրտերին»,- ասել է Էնիսթոնը, որը 1994-ից 2004 թվականներին նկարահանված «Ընկերները» նախագծում մարմնավորել է Ռեյչել Գրինի կերպարը։
Դերասանուհին նշել է, որ նույն կահավորումը տեսնելով հուզվել են, քանի որ սերիալի վերջանալուց ի վեր այնտեղ չէին եղել։
«Դա յուրահատուկ ժամանակ էր, մենք հրաժեշտ ենք տվել մի բանի, որին հրաժեշտ տալ չէինք ցանկանում, սակայն գիտակցում էինք, որ ցտեսություն ասելու ժամանակն է։ Մեր կյանքն ու մեր ապագան առջևում էր», - նշել է Ջենիֆեր Էնիսթոնը։
Նա հավելել է, որ «Ընկերները» սերիալի 6 հերոսների նկատմամբ մարդկանց սերն անբացատրելի մի բան է և շեշտել, որ յուրահատուկ զգացողություն է լինել այնպիսի շոուի մի մասնիկը, որն ուրախություն է բերել մարդկանց։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Էնիսթոնը հրապարակել էր իր և «Ընկերները» սերիալի մյուս դերասանների մասնակցությամբ նոր նախագծի առաջին թրեյլերը՝ կից գրելով․ «Ես սիրում եմ իմ ընկերներին․ ընկերների միավորումը»։
Մանհեթանից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 236 սերիա։ 2020-ի փետրվարին հաղորդվել էր «Ընկերները» սերիալի կազմի վերամիավորման մասին՝ HBO Max-ի նոր նախագծում նկարահանվելու համար, որի համար դերասաններն առնվազն 2,5-ական միլիոն դոլար պիտի ստանային։