ԱՄՆ-ն վաճառել է Իրանից առգրավված նավթը
Ամերիկյան իշխանությունները 110 միլիոն դոլար են ստացել իրանական նավթի երկու միլիոն բարել խմբաքանակի համար: Ըստ ՌԲԿ-ի` նավթը եղել է այս տարվա փետրվարին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ափերի մոտ առգրավված «Աքիլեաս» նավթատարի վրա:
Նավը, որը նավարկում էր Լիբերիայի դրոշի ներքո, կանգնեցվել էր իրաքյան նավթի անվան տակ Իրանից հումք տեղափոխելու կասկածանքով:
Ըստ ԱՄՆ դատախազների` նավթը գնում էր Չինաստան: Վերջնական օգուտը պետք է ստանար իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է համարվում:
Նավթի վաճառքից ստացված հասույթն ուղարկվել է հատուկ բանկային հաշվին: Ենթադրվում է, որ դրանք ծախսվելու են այն դատական գործերի բավարարման վրա, որոնք ԱՄՆ քաղաքացիները ներկայացրել են Իրանի դեմ:
Անցած վեց ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է, երբ Միացյալ Նահանգները զավթված նավթ են վաճառում. 2020 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգները Վենեսուելա ուղեւորվող չորս նավթավարից 1.11 միլիոն բարել նավթ էին վաճառել: Դրա դիմաց երկիրը 40 միլիոն դոլար էր ստացել, գումարը փոխանցվել էր նույն հաշվին: