ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը «արտաքինից ավելի ագրեսիվ է դառնում»
Ռուսաստանը «արտաքինից ավելի ագրեսիվ է դառնում», և ՆԱՏՕ-ն հարմարվում է այդ իրողություններին: Այս մասին Բուխարեստում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ջոանեն աշխատանքային այցով գտնվում է Բուխարեստում, նա Ռումինիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Չուկեի հետ մասնակցել է մամուլի ասուլիսի:
«Ռուսաստանի գործողություններն ապակայունացնող են, ցավոք, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ներքուստ դառնում է ավելի ռեպրեսիվ քաղաքական հակառակորդների տեսանկյունից և արտաքինից` ավելի ագրեսիվ: Մենք հարմարվում ենք այս իրողություններին»,-հայտարարել է Ջոանեն:
Նրա խոսքերով`Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է ՆԱՏՕ-ի գործողություններին, ուստի կազմակերպության հրապարակային հաղորդագրության մի մասն այն է, որ դաշինքը պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցների ամբողջ տարածքը:
Ջոանեն հավելել է, որ հենց Ռուսաստանն է հրաժարվում ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից: