«Դադիվանք` առանց զենքի. սեղանին ենք դնում դանակները, հրազենը». «ՌԻԱ Նովոստի»-ն պատմել է` ինչ է կատարվում Դադիվանքում պատերազմից հետո (լուսանկարներ)
«Դադիվանք` առանց զենքի: Սեղանին ենք դնում դանակները, հրազենը»,-բանակային տոնով հրամայում է ուղղափառ քահանա Բորիսը: Այնուհետև մարդիկ դժգոհելով դուրս են գալիս «ԿամԱԶ»-ներից:
«Մենք զինվորականներ չենք: Մենք ուդիներ ենք` Անդրկովկասի փոքր ժողովուրդ: Քրիստոնյաներ` Ադրբեջանից», - բացատրում է տղամարդը և ամբոխին ուղղում դեպի վանքը: Բայց նրանց ճանապարհը կտրում են հայ վանականները:
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն առաջիններից մեկն է, որ այցելել է Քարվաճառի շրջանն այն Բաքվի վերահսկողությանը հանձնելուց հետո և լսել Դադիվանքի պատկանելիության վերաբերյալ վեճերը:
Անսպասելի հանդիպում
Հայերն ու ադրբեջանցիները սառն են դիմավորում միմյանց: Հայր Բորիսը, փորձելով թուլացնել լարվածությունը, հուզված բացականչում է.«Ա՛յ քեզ հանդիպում: Եկել եմ շնորհավորելու ռուս խաղաղապահներին Զատկի տոնի կապակցությամբ, բերել եմ զատկական քաղցրավենիքներ, և ահա` դուք: Քրիստոս հարյավ ի մեռելոց, եղբայրնե՛ր»:
«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-չոր պատասխանում են ուդիներն ու փորձում շրջանցել հայերին:
«Եկեղեցում պատարագ է: Սպասե՛ք», - ասում է Դադիվանքի հայ համայնքի ղեկավար, աբեղա Ներսես Հարությունյանը:
Ադրբեջանցի ուխտավորները վրդովված են:
«Մենք այստեղ էինք Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, նրանք մեզ ներս չթողեցին: Դարձյալ ինչ-որ պատճառներ եք փնտրում», - վրդովվում է մարդը` ներկայանալով որպես Ռաֆիկ Դանակարի: Ուղղափառ քահանան ուդիներին հրավիրում է պատարագ մատուցելու վանքի մատուռներից մեկում: Նրանք դժկամորեն, բայց համաձայնում են:
Իրավիճակը լիցքաթափելով՝ գոհ հայր Բորիսը, ռուս խաղաղապահներին կանգնեցնելով Դադիվանքի առջև, ասես շքերթի ժամանակ լինի, բարձր բացականչում է. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
«Դադիվանքը գտնվում է Քելբաջարում (Քարվաճառի շրջան): Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո այս տարածքներն անցել են հայերին: Նոյեմբերին Բաքուն վերադարձրել է տարածքները, բայց հարց է առաջացել, թե ում են պատկանում քրիստոնեական սրբությունները: Այժմ Դադիվանքը հսկվում է ռուս խաղաղապահների կողմից, իսկ վանքը դարձել է փոքր անկլավ Ադրբեջանի մեջտեղում: Աբեղա Ներսես Հարությունյանը մարտին է գլխավորել Դադիվանքի հայ համայնքը: «Ես կուսակրոն եմ: Եվ նրանք, ովքեր այստեղ ապրում էին ինձանից առաջ, հեռացան իրենց ընտանիքներով: Հիմա այստեղ միայն վանականներ կան», - բացատրում է վանահայրը:
Հայերը Դադիվանքն իրենցն են համարում: Նրանք հղում են անում վանքի հիմնական մասունքներին՝ սուրբ Դադիի մասունքներին, որոնք խորանին հայտնաբերվել են պեղումների ժամանակ:
«Դադին Թադեոս առաքյալի աշակերտն էր և քրիստոնեություն էր քարոզում Հայաստանի արևմուտքում: Նայեք սարկոֆագի վերևում գտնվող այս հին որմնադրությանը: Նա հայկական ոճի մեջ է», - նշում է աբեղան:
Խոսակցությանը միջամտում է նրա օգնական Տիգրան սարկավագը. «Դադիվանքը կոչվում է նաև Խուդովենգ: Հայերեն «խութ» բլուր է, «վանք»՝ վանք: Ստացվում է «վանք` բլրի վրա»: Նայեք շուրջը, թե մենք ինչ բարձրության վրա ենք»:
Վանականները զգուշանում են ալբանա-ուդիական փոքր համայնքից (ընդամենը տաս հազար մարդ): Ղարաբաղյան իրադարձություններից առաջ ալբանական եկեղեցին ենթակա էր հայկականին: Բայց հիմա Ադրբեջանում հայկական եկեղեցիներ չկան:
«Բաքուն սատարում է ուդիներին, բայց քրիստոնեական եկեղեցիները չեն ճանաչում նրանց: Ես գիտեմ, թե
ով է ինձ ձեռնադրել: Իսկ նրա՞նք»,-հարցնում է սարկավագը:
Ուդիները Դադիվանք հանուն հավատի չեն գալիս. հայերի համոզմամբ`քաղաքականության պատճառով:
Ըստ նրանց, Ադրբեջանը Ղարաբաղում գտնվող հայկական սրբավայրերը նպատակային վերանվանում է
ալբանականի:
«Քելբաջարից հեռանալով՝ մեր ժողովուրդը տներն այրեց և իր հետ տարավ քրիստոնեական մասունքները:
Նրանք վախենում էին, որ ադրբեջանցիները կպղծեն դրանք», - նշում է աբեղա Հարությունյանը:
Խաղաղության պարտադրում
Շուրջը միայն լեռնային բնապատկերներ են: Երևում են նաև տների ածխացած պատերը: Պատուհաններ,
դռներ չկան, տանիքի սալիկները կոտրված են: Վանքի վանահայրը ձեռքով ցույց է տալիս մերձակայքը:
Վանքի դիմաց ամրություններ են, անցակետ: Ռուսաստանի դրոշը ծածանվում է քամուց:
«Եթե չլինեին խաղաղապահները, մենք այստեղ չէինք լինի: Պատերազմից հետո վանականները չէին ուզում
մնալ, նրանք վախենում էին, բայց Մոսկվան պաշտպանեց»,-նշել է հոգևորականը:
Աբեղան բողոքում է, որ հայերը դեռ ի վիճակի չեն ազատորեն այցելել Դադիվանք. «Ստեփանակերտից
հավատացյալները կիրակի օրերին գալիս են փոքր խմբերով: Նրանց հետ մեզ սնունդ են բերում: Մի անգամ
ինչ-որ ձգձգում եղավ, և այստեղ կրկին խաղաղապահներն օգնեցին: Բաքուն սահմանափակումները
բացատրում է կորոնավիրուսով»:
Հայ վանականները խոստովանում են, որ ղարաբաղյան պատերազմներից հետո դժվար է վերականգնել վստահությունը ժողովուրդների միջև: Բայց նրանք կոչ են անում «սովորել միմյանց հետ գոյակցել»:
Ադրբեջանի ուդիական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին աբեղային Աստվածաշունչ է նվիրում և հրավիրում տոնական սեղանի մոտ: Հայ հոգևորականները հրաժարվում են՝ վկայակոչելով համաճարակը: Ադրբեջանցիները սեղան են նստում առանց նրանց: