«Այս լուրը շատերին է ցնցել»․Արգենտինայում հաղորդավարը հայտարարել է դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի մահվան մասին՝ նրան շփոթելով աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված 2-րդ մարդու հետ (լուսանկարներ)
Արգենտինայում հեռուստահաղորդավարը եթերում հայտարարել է անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի մահվան մասին՝ նրան շփոթելով աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված երկրորդ մարդու՝ Ուիլյամ Շեքսպիր հետ, գրում է Mirror-ը։
«Մահացել է ամենահայտնի գրողներից մեկը, ինձ համար՝ մեծագույն վարպետ Ուիլյամ Շեքսպիրը։ Այս լուրը շատերին է ցնցել։ Ավելի ուշ մենք ձեզ կտեղեկացնենք նրա մահվան հանգամանքների մասին»,- եթերում հայտարարել է երկրում առաջատար Channel 26-ի հաղորդավարուհի Նոելիա Նովիլոն։
Նշվում է, որ հաղորդավարուհին իր խոսքերից հետո ծաղրի առարկա է դարձել։ Ընդ որում, «ցավալի լուրը» հայտնելու պահին էկրանին են հայտնվել 82-ամյա բրիտանացի Ուիլյամ Շեքսպիրի լուսանկարները, որտեղ վերջինս պատվաստվում է կորոնավիրուսի դեմ։
Նշենք, որ նշանավոր դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը մահացել է 1616 թվականին։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, բրիտանացի Ուիլյամ Շեքսպիրը՝ աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված երկրորդ մարդը, մահացել է օրերս։ Շեքսպիրի մահվան մասին հայտնել է Քովենթրիի համալսարանական հիվանդանոցի խորհրդի անդամ Ջեյն Ինեսը։ Ինեսի խոսքով՝ վերջինիս մահվան պատճառը կաթվածն է եղել։
Հիշեցնենք, որ Ուիլյամ Շեքսպիրը 2020-ի դեկտեմբերի 8-ին պատվաստվել էր Pfizer/BioNTech պատվաստանյութով՝ դառնալով աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստված երկրորդ մարդը։ Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված առաջին մարդը 91-ամյա բրիտանուհի Մարգարեթ Քինան է։