Չելսիի դարպասապահ Մենդին Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել
«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին Չեմպիոնների լիգայի արդեն ավարտված առաջնությունում 10 «չոր» հանդիպում է անցկացրել, ինչը մրցաշարում իրենց նորամուտն անցկացնող դարպասապահների շրջանում ռեկորդ է: Այս մասին հայտնում է OptaJoe-ի Թվիթերի էջը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մենդին ունիկալ նվաճման է հասել՝ դառնալով առաջին աֆրիկացի դարպասապահը, որը խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսին» 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումը կայացել է Պորտուի «Դրագու» մարզադաշտում և ավարտվել 1-0 հաշվով: Հանդիպման միակ ու հաղթական գնդակը 42-րդ րոպեին հեղինակել է լոնդոնցիների 21-ամյա գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը:
«Չելսին» իր պատմության մեջ երկրորդ անգամ է դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող. առաջինը 2012 թվականին էր: «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ էր խաղում ՉԼ եզրափակչում: