«Կանաչ» խանութը ձգտում է eco-friendly ապրանքների մշակույթ ձևավորել. Mediamax.am

2 տարի առաջ պատմել ենք Green shop 4eco նախաձեռնության մասին, որն իր առաջին քայլերն էր անում Հայաստանում կանաչ խանութ հիմնելու եւ բնությանը չվնասող ապրանքների վաճառքը խթանելու հարցում: Այժմ նախաձեռնությունն ունի գործող խանութ-կայք, որտեղ մեկ հարկի տակ են համախմբվել eco-friendly ապրանքներ ներկայացնող հայ արտադրողներ եւ ներմուծողներ:
Banks.am-ը զրուցել է խանութի համահիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանի եւ Green shop-ի գործընկեր արտադրողների հետ Հայաստանում բնությանը չվնասող, աղբի քանակի նվազեցմանը նպաստող արտադրանքների ու դրանց նկատմամբ հանրության հետաքրքրության մասին:
Համատեղելով բնապահպանականն ու սոցիալականը
Հայաստանում արտադրված վերամշակված հումքից դույլեր, կախիչներ, ծաղկամաններ, բազմակի օգտագործման տոպրակներ եւ այլ առօրյա օգտագործման eco-friendly իրեր: Այս բոլորը կարելի է գտնել Green shop օնլայն խանութում, որի տարբեր բաժինները շարունակաբար լրացվում են էկո գաղափարը կրող նոր ապրանքներով:
Հռիփսիմե Մկրտչյանը պատմում է, որ օնլայն խանութ-կայքի բացումը տեղի է ունեցել անմիջապես պատերազմից առաջ ու պատերազմի արհավիրքի պատճառով նորմալ աշխատել չի հաջողվել: Պատերազմի ժամանակ սկսել են բացօթյա ցուցահանդեսներ իրականացնել, որոնց ընթացքում վերամշակված իրերի վաճառքի գումարով սնունդ էին գնում՝ Արցախից ժամանած ընտանիքների համար։
«Խանութի բաժիններից առաջինը «Հզոր Արցախ»-ն է, որտեղ ներկայացնում ենք արցախցի կանանց պատրաստած ասեղնագործ իրեր, ձեռագործ խաղալիքներ եւ գլխարկներ: Դրանց վաճառքից ստացված գումարն անմիջապես փոխանցվում է արցախցի կանանց»,-պատմում է Հռիփսիմե Մկրտչյանը:
Խանութում գործող մյուս բաժինները թույլ են տալիս գտնել «կանաչ» իրեր, որոնք քիչ են թափոններ առաջացնում, կամ էլ վերամշակելի են: Կան նաեւ «Զրո թափոն» ապրանքներ, որոնց օգտագործումը կրճատում է աղբի քանակը։
Հռիփսիմե Մկրտչյանի խոսքով՝ առաջիկայում կլրացնեն նաեւ ծառայություններ բաժինը, որտեղ կհամախմբեն այնպիսի ծառայություններ մատուցողների, որոնք օգնում են նվազեցնել աղբը:
«Մեր նախաձեռնությունը բաց է բոլոր հայ արտադրողների հետ համագործակցության համար։ Եթե կան ձեռներեցներ, որոնք ունեն մեր գաղափարին համապատասխանող արտադրանք, կարող են կապ հաստատել մեզ հետ: Ապրանքների վաճառքից ստացված որոշակի տոկոս փոխանցում են մեզ, որից հանում ենք խանութի պահպանման ծախսերն ու մնացած մասն ուղղում «Էկո Աղբ» նախաձեռնությանը»,-նշում է Հռիփսիմե Մկրտչյանը:
Խրախուսելով հայկականը
Խանութում փորձում են շեշտը դնել հայկական արտադրանքի վրա, սակայն քիչ չեն նաեւ ներկրված ապրանքները: Հռիփսիմե Մկրտչյանի խոսքով՝ ակտիվորեն փնտրում են հնարավորություններ նույն ապրանքներից Հայաստանում ստանալու համար:
«Օրինակ՝ արտերկրում առկա բամբուկե էկո ձողիկների հայկական այլընտրանքը եղեգից պատրաստված ձողիկներն են, որոնք անվտանգ են, բազմամյա օգտագործման, նախատեսված նաեւ երեխաների համար։ Ամենաշատ վաճառվող ապրանքներից են էկո գրիչներն ու էկո կախիչները, որոնք ստացվում են վերամշակված հումքից: Չեմ ուզում շտապել ու գաղտնիքներ բացահայտել, բայց հույս ունենք շատ շուտով ունենալ հայկական արտադրության վերամշակված պլաստիկից գրիչներ եւ ոչ միայն»,- մանրամասնում է Հռիփսիմե Մկրտչյանը:
Նա հավելում է, որ հետաքրքրություն են առաջացնում նաեւ վերաօգտագործման գաղափարը կրող իրերը, որոնցից են բազմակի օգտագործման սիլիկոնե սննդի փաթաթիչները եւ անձեռոցիկները, որոնք իրապես նվազեցնում են աղբի քանակը:
Eco-Friendly օճառներ
Green Shop-ում խրախուսում են նաեւ բնական հումքից պատրաստված պարագաները: Խանութի գործընկեր Սուրեն Բաբայանը տարիներ առաջ Կապանում հիմնել է ձեռագործ բնական օճառների բիզնես՝ «ՆՈւՌԻ»-ն: Արտադրությունում օգտագործում են սյունյաց բնաշխարհի տարատեսակ բույսեր, դեղաբույսեր, որոնք նպաստում են մաշկի առողջության բարելավմանը:
«Առաջին իսկ արտադրանքը թողարկելով՝ «ՆՈւՌԻ»-ն անցել է EAC լաբորատոր հետազոտություն եւ ստացել բնական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ: Հետագայում Green Shop 4 Eco-ի կողմից ստացանք համագործակցության առաջարկ, որը մեզ համար դարձավ հնարավորություն տեղական շուկայում առավել ճանաչելի դառնալ եւ բարելավել վաճառքի ցուցանիշները: Նմանօրինակ համագործակցությունները ողջունելի են եւ օգտակար ՓՄՁ-ների համար, քանի որ կարճ ժամանակահատվածում աջակցում են հայկական արտադրանքի խրախուսմանը եւ տարածմանը»,- նշում է Սուրեն Բաբայանը:
Մանրամասն ` սկզբնաղբյուր կայքում