Ռուսական ավիաընկերությունները թռիչքներ են իրականացրել` շրջանցելով Բելառուսը. Forbes
Ռուսական ավիաընկերությունները շուրջ 10 թռիչք են կատարել`շրջանցելով Բելառուսը: Այս մասին գրում է Forbes-ը` հղում տալով իր աղբյուրներին:
«Անհնար է ասել երթուղիների փոփոխության պատճառները, արդյոք դա կապված է քաղաքական դրդապատճառների հետ, թե ոչ: Դրանք կարող են լինել տեխնիկական պատճառներ»,-ասել է պարբերականի զրուցակիցը:
Նա պարզաբանել է, որ խոսքը մայիսի 27-ին կատարված թռիչքների մասին է: Այնուամենայնիվ, նա չի նշել ընկերությունների և ուղղությունների անունները:
Այս տեղեկատվությունը հաստատել է նաև խոշոր ավիաընկերություններից մեկում առկա աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել Եվրամիության տարածքով: