Էրդողանը մասնակցել է Ստամբուլում վիճահարույց մզկիթի բացմանը (լուսանկարներ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հանդիսավոր արարողությամբ բացել է մզկիթը, որի կառուցման ծրագրերը 2013 թվականին բողոքի ալիք էին բարձրացրել երկրում, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ բացման արարողությանը ներկա են եղել բազմաթիվ մարդիկ, իսկ ոմանք էլ, մզկիթը լի լինելու պատճառով, աղոթել են հրապարակում։
Մզկիթն առանձնանում է նրանով, որ գտնվում է հանրային տարածքի հարևանությամբ, որը դիտվել է որպես աշխարհիկ թուրքական հանրապետության խորհրդանիշ։
«Թաքսիմ մզկիթը այժմ զգալի տեղ է գրավում Ստամբուլի խորհրդանիշների շարքում։ Տա Աստված, որ այն հավրժ լինի», - ասել է Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո։
Թաքսիմ հրապարակում մզկիթ կառուցելու մասին Էրդողանն առաջին անգամ խոսել է 1990-ական թվականներին, երբ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը։ Մզկիթը, որը օսմանյան առանձնահատկությունների և ժամանակակցի դիզայնի համադրություն է, տեղավորում է մինչև 4000 մարդ։
Չնայած նրան, որ Թուրքիան մուսուլման մեծամասնություն ունեցող երկիր է, քննադատները մեղադրում են Էրդողանին՝ երկրի աշխարհիկ հիմքերը խախտելու համար։ 2013 թվականին մզկիթի կառուցման մեկնարկը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել ինչպես Ստամբուոլում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ ի նշան համերաշխության։