Պուտին-Լուկաշենկո հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումն ավարտվել է ուշ երեկոյան. նրանք զրուցել են ավելի քան հինգ ժամ: Հանդիպման արդյունքների մասին դեռ չի հաղորդվել, գրում է ng.ru-ն:
Դրանից առաջ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Վլադիմիր Պուտինին է բերել փաստաթղթեր, որոնք պարզելու են իրավիճակը Ryanair ինքնաթիռի վայրէջքի հետ կապված: Լուկաշենկոն ասել է նաև, որ բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը կապ չունի այս միջադեպի հետ:
Լուկաշենկոն հավելել է, որ ներկայացված փաստաթղթերը կարդալուց հետո Պուտինը պետք է հասկանա, թե ինչ է պատահել Ryanair ինքնաթիռի հետ, որը ստիպված վայրէջք է կատարել Մինսկում: Այնուհետև բերման են ենթարկվել բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչը և նրա ուղեկիցը ՝ ռուս Սոֆիա Սապեգան: