Բայդենի վարչակազմը Հայաստանին առաջարկում է ավելի քան 24 միլիոն դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ. ANCA
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24 005 000 միլիոն դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)` մանրամասնելով, որ որպես օտարերկրյա օգնություն առաջարկվում է 23 405 000, որպես ռազմական օգնություն` 600 000 դոլար:
Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները մեկ անգամ չէ, որ երկուսակցական կոչ են արել Հայաստանին ու Արցախին նվազագույնը 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասյնակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով:
«Մեր կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 000 000 ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու համար, այդուհանդերձ առաջարկում է այդ գումարի միայն մի մասն ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է սահմանի այս իրավունքը` զրոյացնելով ԱՄՆ-ի կողմից Բաքվին զենքի և օգնության տրամադրումը և մեծացնելով ԱՄՆ օգնության փաթեթն Արցախին և Հայաստանին»,-ասել է Համբարյանը:
Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6 050 000 դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար: