ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ` Ryanair-ի ինքնաթիռի շուրջ առկա միջադեպի ֆոնին
Բելառուսի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով Վաշինգտոնը կկասեցնի Միացյալ Նահանգների և Բելառուսի միջև օդային երթևեկության մասին համաձայնագիրը։ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ կսահմանեն Բելառուսի 9-ը պետական ձեռնարկությունների նկատմամբ և գործընկերների հետ նպատակային պատժամիջոցներ կմշակեն՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության ներկայացուցիչների դեմ՝ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով:
Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։
«2021 թվականի հունիսի 3-ից Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի 9-ը պետական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք նախկինում Ֆինանսների նախարարության մի շարք ընդհանուր լիազորագրերով արտոնություններ էին ստացել», - ասել է Փսակին։
Պատժամիջոցների կիրառումից հետո ԱՄՆ-ի քաղաքացիներին կարգելվի այդ կազմակերպությունների հետ գործարքների գնալ։ Կդադարեցվի 2019 թվականին ԱՄՆ-ի և Բելառուսի միջև ստորագրված օդային երթևեկության մասին համաձայնագիրը:
Բացի վերոնշյալ պատժամիջոցներից, ամերիկյան ավիափոխադրողները նախազգուշացվել են՝ Բելառուսի օդային տարածքում զգուշություն ցուցաբերելու համար, իսկ քաղաքացիներին զգուշացվել է չմեկնել Բելառուս։
Փսակիի խոսքով` այս քայլերը նպատակ ունեն ցույց տալ ԱՄՆ-ի նվիրվածությունը բելառուս ժողովրդին և իշխանությանը պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար։ Նա կոչ է արել Լուկաշենկոյին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, հետաքննություն անցկացնել Ryanair ինքնաթիռի անհապաղ վայրէջքի հետ կապված միջադեպի շուրջ, երկխոսություն սկսել ընդդիմության և իշխանության միջև, ինչը կհանգեցնի ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացմանը՝ ԵԱՀԿ հովանու ներքո։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: