Թաքսիմ մզկիթը կդառնա Ստամբուլի ամենակարևոր կենտրոններից մեկը. Էրդողան
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հանդիսավոր կերպով բացել է նորակառույց Թաքսիմ մզկիթը:
Հաղորդել է թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը։
«Թաքսիմ մզկիթը, բացի պաշտամունքի վայր լինելը, կդառնա Ստամբուլի ամենակարևոր մշակութային ու արվեստական կենտրոններից մեկը` իր թվային գրադարանով և ընթերցային, հանգստի և ցուցահանդեսային տարածքներով», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ուրբաթօրյա աղոթքից հետո ելույթ ունենալով Թաքսիմ մզկիթի հանդիսավոր բացման արարողությանը:
«Հավատում եմ, որ այս երրորդ կարևոր ոգեշունչ ժառանգությունը, որը մենք Ստամբուլին նվիրեցինք վերջերս Մեծ Չամլըջա մզկիթն ավարտելուց ու Սուրբ Սոֆիան վերաբացելուց հետո, դարերով լուսավորելու է մեր քաղաքը լամպի պես», - հայատարարել է համաօսմանականության քարոզիչը:
Արարողությանը ներկա են եղել նաև Սուդանի Անցումային ինքնիշխանության խորհրդի փոխնախագահ Մոհամեդ Համդան Դագալոն, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը, երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Թուրքիո ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի հաղորդակցությունների տնօրեն Ֆահրեթին Ալթունը և այլք։
Մզկիթը կարող է ընդունել մինչև 4,000 մարդ։ Այն տարածված է 2,448 քառակուսի մետրի վրա, մզկիթի տարածքը կազմում է շուրջ 16,000 քմ:
Նշենք, որ նոր մզկիթը տեսքով բավականին նմանեցված է մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին (հուն՝ Αγία Σοφία - Սուրբ Սոֆիա, 537 թվական)։ Սուրբ Սոֆիան հունական ուղղափառ քրիստոնեական տաճար է, որն ավելի ուշ վեր է ածվել օսմանյան մզկիթի՝ օսմանների կողմից 1453 թվականին Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո։ Մինչև 2020 թվականը եղել է թանգարան, իսկ 2020 թվականի հուլիսի 10-ից թուրքական իշխանություններն այն վերածել են մզկիթի։ Էրդողանի բռնապետական վարչախմբի այս քայլը ժամանակին մեծ դժգոհություն էր առաջացրել Արևմուտքում։