«Ռուսաստանն ու Բելառուսը տարբեր երկրներ են՝ վարքագծի շատ նման մոդելով, ինչն անկայունություն է ստեղծում». ՆԱՏՕ
Ռուսաստանի և Բելառուսի վարքագծի մոդելները նման են, և դրանք ոտնահարում են ժողովրդավարական իրավունքներն ու արժեքները, որոնց հավատում է ՆԱՏՕ-ն: Այս մասին Պորտուգալիայում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկանում ենք ՆԱՏՕ-ի կայքից:
«Սրանք երկու տարբեր երկրներ են, բայց վարքագծի շատ նման մոդելով: Եվ մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան: Այն (մոդելը) անկայունություն է ստեղծում մեր հարևանությամբ»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով` Բելառուսը և Ռուսաստանը «ճնշում են ժողովրդավարական բողոքները, ընդդիմությանը, օգտագործում են կիբերհարձակումներ, թունավորում են»: Այս կապակցությամբ, ընդգծել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն կշարունակի հարմարվել և պատասխանել պաշտպանական ձևով, ինչպես նաև աջակցություն կցուցաբերի Ուկրաինային և Վրաստանին, որոնք «տուժել են Ռուսաստանի կողմից իրենց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման տեսքով ուժի կիրառումից»: