ԱՄՆ-ը մտադիր չէ վերադառնալ Բաց երկնքի մասին պայմանագրին
ԱՄՆ-ը մտադիր չէ վերադառնալ Բաց երկնքի մասին պայմանագրին, ТАСС-ի թղթակցին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Միացյալ Նահանգները ափսոսում է, որ Բաց երկնքի մասին պայմանագրի առնչությամբ Ռուսաստանը խախտումներ է թույլ տվել: Դրա հետևանքով դուրս գալով պայմանագրից՝ ԱՄՆ-ը մտադիր չէ վերադառնալ դրան՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը չի ձեռնարկել որևէ քայլ պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով: Բացի այդ, Ռուսաստանի վարքագիծը՝ այդ թվում վերջերս Ուկրաինայի նկատմամբ կատարած քայլերը, չի համապատասխանում գործընկերոջ պահվածքին, որը նվիրված է վստահության վերականգնմանը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Բաց երկնքի պայմանագիրն ստորագրվել է (ԲԵՊ, The Treaty on Open Skies) 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել Է 2001 թվականի մայիսի 26-ին: Մասնակից երկրներն իրավունք են ստանում թռչել միմյանց տարածքների շուրջը՝ ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին նմանօրինակ ընթացակարգ սկսելու մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Մոսկվան իր վերադարձը համաձայնագրին հնարավոր է համարել, եթե նույն բանն անի Վաշինգտոնը, սակայն ապրիլի վերջին ԱԳՆ-ում արձանագրել են, որ ամեն բան ընթանում է դեպի պայմանագրի վերացում, և հավելել, որ Ռուսաստանում ԲԵՊ-ի դենոնսացիայի ընթացակարգը կավարտվի մինչև մայիսի վերջը: