Որևէ պետական կառույց չկա, որ պայքարի մկների և մորեխների դեմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում ավելացել են այն հողատարածքները, որոնք վարակվել են մորեխներով և մկնանման կրծողներով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականին մորեխներով և մկնանման կրծողներով վարակված են 153 հազար 528 հա գյուղատնտեսական հողատարածքներ:
Միայն 73 հազար 528 հա հողատարածք գտնվում է մկնանման կրծողների տիրապետության տակ, իսկ 80 հազար հա վարակված են մորեխներով: 2019 թվականի համեմատ՝ դա ավել է 26 հազար 417 հա-ով: Մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին մորեխներով և մկնանման կրծողներով վարակված է եղել 127 հազար 111 հա հողատարածք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մկներով և մորեխներով վարակված հողատարածքներ ավելի շատ գտնվում են Արագածոտնի մարզում՝ 17 հազար 628 հա: Եվ ամենացավալին այն է, որ մեր հանրապետությունում որևէ պետական կառույց չկա, որպեսզի պայքարի մկների և մորեխների դեմ այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է գյուղատնտեսական երկիր, և հենց տնտեսության այս ճյուղն է կազմում մեր ՀՆԱ-ի զգալի մասը:
Բայց, չնայած սրան, Հայաստանում անգամ գյուղատնտեսության նախարարություն չկա, իսկ գյուղատնտեսության ոլորտի այս օրերի միակ պատասխանատուն՝ Էկոնոմիկայի նախարարությունը, ոչինչ չի ձեռնարկում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։