ԱՄՆ-ում ձերբակալել են Բայդենի դեմ մահափորձ իրականացնել պատրաստվող տղամարդուն․ ԶԼՄ-ներ
Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները (ՀԴԲ) ձերբակալել են երկրի նախագահ Ջո Բայդենի դեմ ենթադրաբար մահափորձ իրականացնել պատրաստվող տղամարդուն, հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքը մանրամասնում է, որ 39-ամյա Ջոն Բենջամին Թորնտոնը տարբեր նահանգների մի քանի մարդկանց Բայդենի նկատմամբ հաշվեհարդար լինելու սպառնալիքով նամակներ է ուղարկել։
Նշվում է, որ հարուցված քրեական գործում ապացույց հանդիսացող հաղորդագրություններում Թորնտոնը գրել է, որ «իր վրա է վերցնում The Three Percenters անունով (ամերիկյան ուլտրաաջ հակակառավարական աշխարհազորային շարժում է- Tert.am) հեղափոխական բանակի ղեկավարումը»:
Քննության տվյալներով՝ Թորնտոնն իրեն անվանել է «անկախության համար մղվող պատերազմի մարտիկ»՝ հայտնելով, որ պատրաստվում է «դավաճանության համար մահապատժի ենթարկել Բայդենին»։
ՀԴԲ-ի տվյալներով՝ Թորնտոնից նման բովանդակությամբ նամակներ ստացած քաղաքացիները (նրանց անձը գաղտնի է պահվում) դեռևս անցած տարվա նոյեմբերին՝ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից հետո, դիմել էին իրավապահ մարմիններին։
Նույն բովանդակությամբ հաղորդագրություններ են հայտնաբերվել նաև Թորնտոնի ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ Թորնտոնի գործով դատական նիստը նախատեսված է մայիսի 28-ին։