Էրդողանը բողոքել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Էրդողանի և ԱՄՆ խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչների առցանց ռեժիմով զրույցի ժամանակ։
Գործակալության հաղորդմամբ՝ ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նաև հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները «նոր դարաշրջան» կմտնեն նախագահ Ջո Բայդենի հետ իր անձնական հանդիպումից հետո, որը նախատեսված է հունիսի 14-ին՝ Բրյուսելում։
«1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Բայդենի հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա, բայց ես կարծում եմ՝ 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայանալիք հանդիպումը կնշանավորի «նոր դարաշրջանի» սկիզբը», - հայտարարել է նա։
Թուրքական հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժի համաձայն՝ տեսակապի ռեժիմով Էրդողանի հետ հանդիպմանը մասնակցել են Boeing, Amazon, Microsoft, Kellogg, PepsiCo, Cisco, Procter & Gamble և Johnson & Johnson ընկերությունների ներկայացուցիչները։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել այդ ընկերություններին՝ «Թուրքիային հավատալու համար»՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներից ակնկալում է «ավելի կառուցողական մոտեցում»: